Thursday, April 16, 2015

Օպարինի կոացերվատային վարկածը և Աստվածաշնչյան ճշմարտությունը


Կենսաբանության 9-դ դասարանի դասագրքում ծրագրով նախատեսված է անցնել էվոլյուցիա բաժինը։ Հասկանալի է, որ սովորողը պետք է որոշակի տեղեկություն ունենա էվոլյուցիայի գլխավոր ուղիների, Դարվինի տեսության և այլնի մասին։ Բայց դա չի նշանակում, որ յուրաքանչյուր ժամանակակից հեքիաթ պետք է մտցնեն դասագիրք և ստիպեն սովորողին, որ անգիր անի այդ հիմարությունը։

Չեմ հասկանում, թե այդ հեքիաթները գիրք մտցնելուց առաջ ի՞նչ էին մտածում այս գրքի հայ և ըստ երևույթի քրիստոնյա հեղինակները՝ Է. Ս. Դանիելյանը, Ֆ. Դ. Եսայանը, միևնունույն է սովորողը գիտի, թե որն է մարդկության ճշմարիտ պատմությունը (այն շատ պարզ գրված է Աստվածաշնչում)։


Այսպիսով ինքներդ ծանոթացեք կենսաբանության դասագրքում գրված հեքիաթներից մեկին․


Երկրի վրա կյանքի ծագման վերաբերյալ կան բազմաթիվ վարկածներ, սակայն գիտնականները դրանցից ամենահավանականն են համարում Ա․Ի․Օպարինի վարկածը։ Համաձայն այդ վարկածի կյանքը առաջացել է անօրգանական նյութերց։ 

Ինչ-որ ժամանակ բոլոր մոլորակները, այդ թվում Երկիրը եղել են շիկացած մարմիններ։ Երկրի մակերևույթի ջերմաստիճանը աստիճանաբար իջել է մինչև 100 աստիճան և երկրագունդը սկսել է սառչել։ Այդ ժամանակ քիմիական տարրերը վերադասավորվել են, ավելի թեթևները դասավորվում են մակերևույթում, իսկ ծանրները ընդերքի տարբեր շերտերում։ Այսպես առաջացավ առաջնային մթնոլորտը՝ բաղկացած տարբեր գազերից։ Ջերմաստիճանի հետագա նվազման հետևանքով առաջացած ջրային գոլորշիները խտանում են և վերածվում տաք անձրևաջրերի, որոնք տեղում են երկրի մակերևույթին։ Այսպես տարիների ընթացքում ձևավորվում են ծովերն ու օվկիանոսները։ Առաջնային մթնոլորտում տեղի ունեցող հզոր էլեկտրական պարպումների, ուլտրամանուշակագույն ճառագայթների ներգործության հետևանքով օվկիանոսի քիմիական տարրերի միջև տեղի են ունենում քիմիական ռեակցիաներ, որոնց արդյունքում առաջանում են օրգանական միացություններ։

Ըստ Օպարինի, կյանքի ծագման առաջին քայլը եղել է անօրգանական նյութերից օրգանական նյութերի աբիոգեն(ոչ կենսաբանական) սինթեզը։ Երկրորդ քայլը, ըստ Օպարինի վարկածի օրգանական նյութերի կենտրոնացումն է կոացերվատների ձևով։ Կոացերվատները ընդունակ են կլանել զանազան նյութեր, մեծանալ չափսերով, շրջապատող միջավայր արտազատել ռեակցիայի արդյունքները։ Այս ամենը նման է սնման, աճման, նյութափոխանակության գործընթացներին։ Կոացերվատները մեծանում են, և կիսման եղանակով առաջացնում են դուստր կոացերվատներ։ Այսպես առաջանում են միաբջիջ օրգանիզմները՝ ձեռք բերելով բազմանալու, իրենց նմաններին վերարտադրելու հատկություն։ Ըստ Օպարինի սա կյանքի ծագման երրորդ կարևորագույն փուլն է։

Ընդունեք, որ այս հեքիաթը շատ հետաքրքիր է, սակայն եթե այն հետաքրքիր է չի նշանակում, որ հավաստի է։ Յուրաքանչյուր զարգացած երևակայություն ունեցող մարդ կարող է նմանատիպ հեքիաթներ հնարել, սակայն կյանքի առեղծվածը երբեք ոչ ոք չի կարող բացահայտել։ մենք քրիստոնյա ենք և իհարկե պաշտպանում ենք Աստվածաշնչյան տեսակետը։ Ըստ մեզ երանելի են այն մարդիկ, ովքեր չեն տանջվում և մտածում, թե ինչպես առաջացավ կյանքը և, թե որտեղից են իրենք։ Իսկ մենք գիտենք, որ ոչ կապիկից ենք առաջացել, ոչ էլ կոացերվատներից։ Մեզ Աստված է ստեղծել․ սա է միակ տրամաբանական պատասխանը։

Նմանատիպ հետաքրքիր հեքիաթ ես էլ եմ հորինել :)


Միլիոնավոր տարիներ առաջ Երկիր մոլորակը գոյություն չի ունեցել։ Այն առաջացել է այն ժամանակ, երբ լուսինն ու Յուպիտեր մոլորակը որոշակի պատճառներով բախվել են իրար։ Սկզբում այն շիկացած է եղել, բայց դարեր անց ջերմաստիճանի փոփոխության հետևանքով ամբողջությամբ սառույցով է պատվել։ Հետագայում ջերմաստիճանի կարգավորման հետևանքով այն սառույցը հալչել է և մոլորակը պատվել է ջրով։ Հենց այստեղ էլ առաջացել են կյանքի սկզբնական ձևերը՝ սուրսադիները։ Նրանց հետագա բազմացման և զարգացման ընթացքում էլ՝ մոտ 3000 տարվա ընթացքում առաջացել են վիրուսները, բակտերիաները, ջրիմուռները, բույսերը, սնկերը, կենդանիները և վերջապես մարդիկ։ Ենթադրվում է, որ առաջին մարդիկ աճել են հյումնաթրի ծառի վրա և բազմացել են վեգետատիվ եղանակով։ Հետո էվուլյուցիայի հետևանքով մարդիկ վերածվել են նախ առնետների, հետո շների, այնուհետև պրիմատների ցեղի ներկայացուցիչ մարդանման կապիկների և վերջապես մարդու։

Ընդունենք որ կատարյալ անմտություն էր և շատ նման էր վերևի գրվածին։ Վերջում խորհուրդ կտայի չանարգել ձեր կրոնը և ձեզ Ստեղծողին։

1 comment:

  1. Կարծում եմ,որ ավելի ճիշտ կլիներ ձեր կարծիքը ձեզ պահել։Եթե դուք հավատում եք Աստծո գոյությանը դա ձեր անձնական կարծիքն է, բայց դա չի նշանակում,որ բոլորը պետք է հավատան։Մարդիկ տարբեր են և ունենում են տարբեր կարծիքներ։

    ReplyDelete