Saturday, June 27, 2015

Ի՞նչ կարող է տալ պարային թերապիան

Կարևոր հնարավորություններից մեկը մարմնի զգայունության զարգացումն է: Ոչ միայն ինքն իր և իր զգացողությունները, այլև շրջակայքն ու մարդկանց զգալու ունակություն ձեռք բերելն է: Ամեն մի պարապմունքից մենք ստանում ենք այդ փորձը, որը ներդաշնակորեն յուրացվում ու հեշտորեն օգտագործվում է կյանքում:
Պարի միջոցով մենք կարող ենք ավելի լավ ճանաչել ոչ միայն մեր մարմնի, այլև մեր վարքագծի առանձնահատկությունները: Ի վերջո, մեզ մոտ սովորություն դարձած շարժումներն արտացոլում են մեր վարվելակերպի առավել հաճախ օգտագործվող մեթոդները: Արդյո՞ք մենք միշտ ճիշտ ենք գործում: Արդյո՞ք մեր բոլոր սովորությունները մեզ համար օգտավետ են:


 Պարապունքների ընթացքում կարելի է ոչ միայն գիտակցել դրանք, այլև փոխել` նոր հետաքրքիր շարժումներ որոնելով: Պարի միջոցով մենք կարող ենք դառնալ ավելի հաջողակ: Ինչպե՞ս: Կարողանո՞ւմ ենք մենք արդյոք ռիսկի գնալ, սխալներ գործել, դրված նպատակներին հասնել: Ինչպե՞ս ենք վերաբերվում մեր անհաջողություններին: Պարելով` մենք ստանում ենք այդ անգին փորձը: Մենք սովորում ենք նկատել իմպուլսները, որոնք մեզ դրդում են սկսել շարժումը: Մենք կարողանում ենք ընկնել և հասկանալ, թե ինչպես բարձրանալ: Մենք սովորում ենք սխալվել և այդ սխալները վերածել օգտակար ու հաճելի իրավիճակների:

Պարի միջոցով կարելի է ծանոթանալ սեփական հույզերի ու մտքերի հետ: Արդյո՞ք դրանք բոլորը ենթարկվում են մեզ: Դրանք բոլո՞րն են հաճելի ու օգտակար: Գուցե դրանցից ոմանք այլևս կարևոր չեն և չարժե՞ դրանցից կառչել: Մենք կարող ենք սովորել հեշտորեն ու թեթև բաց թողնել իրավիճակներն ու մարդկանց, հասկանալ, թե երբ է պետք իրավիճակը զգալ, գտնվել դրա մեջ, իսկ երբ կարելի է այն ուղղակի դիտել որպես կինոնկար և ամենակարևորը` մենք կկարողանանք դա անել:


Պարի մեջ մենք հնարավորություն ունենք հետազոտել շրջապատող մարդկանց հետ մեր կապը: Ինչպե՞ս մարդկանց հետ շփվենք այնպես, որ հաճույք պատճառենք ինքներս մեզ ու մյուսներին: Որքանո՞վ է մեզ օգտակար տվյալ մարդու հետ շփումը: Հիմա մեզ պե՞տք է, արդյոք, այդ կոնտակտը: Ի՞նչ կարելի է անել մեր փոխգործակցությունը բարելավելու համար: Սա միայն հարցերի այն փոքր մասն է, որոնց պատասխանները կարելի է բացահայտել պարում: Եվ վերջապես, պարապմունքները կարող են լինել առողջարար: Երբ մենք շարժվում ենք, բարելավվում է արյան շրջանառությունը: Սկսում ենք ավելի լավ զգալ մեր մարմինը, այն թե ինչ է տեղի ունենում վերջինիս հետ և ինչու: Ծանոթանում ենք մեր տհաճ զգացողությունների հետ: Ինչի՞ համար են դրանք մեզ պետք: Ո՞րն է մեր անառողջության պատճառը: Ինչպե՞ս կարող ենք օգնել ինքներս մեզ: Ազատ մարմնում ազատ հոգի: 
Ընդհանուր առմամբ, պարի միջոցով սեփական էության խորքերը տանող բացառիկ այս ճանապարհորդությունը մեզ թույլ է տալիս դառնալ ավելի ամբողջական, ձեռք բերել շարժումների ազատություն (և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական), սովորել ԼԻՆԵԼ իրական ու իսկական, ժամանակի յուրաքանչյուր պահին դառնալ ավելի գիտակից, բացել մանկությունից ներդրված ներքին ռեսուրսներն ու իրականացնել դրանք: Մենք կարող ենք պարել, քանի որ ուզում ենք լինել ազատ, վստահ մեր հնարավորություններում, ցանկանում ենք պարի միջոցով բացահայտել մեր ստեղծագործական ներուժը: Մենք բոլորս նկարիչներ ենք, ով նկարում է ԻՐ պարը և պարի միջոցով ունակ է փոխել ԻՐ կյանքը:


Աղբյուր՝ http://www.harmonia.am/articles/%D5%BA%D5%A1%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%B7%D5%A1%D6%80%D5%AA%D5%B8%D5%B2%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A9%D5%A5%D6%80%D5%A1%D5%BA%D5%AB%D5%A1.html#.VY7g4XqqpBc

No comments:

Post a Comment