Thursday, May 17, 2018

Ֆովիզմը պարարվեստում


Նախաբան

Նյութի նպատակն է՝ ցույց տալ, որ արվեստի ցանկացած ուղղություն և շարժում տարածվում է նաև պարարվեստի վրա:

Ի՞նչ է ֆովիզմը

Ֆովիզմը համարվում է 20-րդ դարի մոդեռնիստական առաջին հոսանքը: Այս ոճի անվանումը գալիս է  ֆրանսերեն  fauve-վայրի բառից: Առաջին անգամ այն օգտագործվել է 1905թ. Փարիզյան Աշնանային սալոնի  ցուցահանդեսներից        մեկի ժամանակ, որտեղ ներկայացված էին Անրի Մատիսի, Անդրե Դերենի

Մորիս Վլամինկի, Ժորժ Ռուոյի, Կես վան Դոնգենի, Ալբեր Մարկեի            աշխատանքները:Քննադատ Լուի Վոքսելը, տեսնելով նրանց ստեղծագործությունները, համեմատում էդրանց թողած        տպավորությունը մի այնպիսի զգացողության հետ, որը  կառաջանար այն դեպքում, երբ Դոնաթելլոյի արձանը հայտնվեր վայրի գազանների կողքին…Այս պատճառով վերը նշված նկարիչներին սկսում են անվանել «Վայրենիներ»… Նրանք արվեստ են ներխուժում պատահական բայց վստահորեն, սակայն երբեք էլ չհամաձայնեցին «վայրի գազաններ» պիտակավորման հետ։

Ֆովիստների համար բնորոշ է դառնում իրենցից առաջ գոյություն ունեցող  արվեստի ժխտումը: Նրանք կարծում էին, որ              զգացմունքայնությունը պետք է գերակայի ինտելեկտի նկատմամբ և հարկավոր է պատկերել այն, ինչ զգում ես, ոչ թե այն ինչ տեսնում  ես                կամ այն, ինչ միշտ պատկերել են բոլորը: Ֆովիստների կարծիքով նկարի կոմպոզիցիայում  առարկան այնքան էլ կարևոր դեր չունի: Նրանք գործ ունեն  «լղոզված, փափուկ» առարկաների հետ, որոնք տարեբարակելի են դառնում հիմնականում գույնի և ծավալի միջոցով: Ֆովիստներն իրենց  տարերային,  դինամիկ աշխատանքներում ընդգծում էին վառ գույների սրաթափանց մաքրությունն ու հակադրությունը, լոկալ գույների ակնհայտ ինտենսիվությունը, ռիթմի սրությունը։Նրանք գտնում էին, որ                      գծանկարը ստեղծագործության ստեղծման հարցում զբաղեցնում է ամենահետին տեղը: Ֆովիզմի համար      հատկանշական են պարզ գույների ծայրահեղ ինտենսիվ հնչողությունը, գունային հարթությունների կոնտրաստային համադրումը, ձևի պարզեցումը զուտ ուրվագծման աստիճանի, հեռանկարի, լույս ու ստվերի ժխտումը:

Ֆովիզմը պարարվեստում
Պարարվեստում ֆովիզմը բնորոշ  է հիմնականում Ամերիկուհի պարուհի Այսեդորա Դունկանի հիմնադրած պարարվեստի նոր ուղղությանը՝ մոդեռն պարաոճին:
 
Այսեդորան կարծում էր, որ դասական բալետն ընդամենը անիմաստ մարմնամարզություն է, որի դիրքերը նույնիսկ հակասում են բնությանը և բնական օրենքներին։

Այսեդորա Դունկանը չուներ որևէ պարային կրթություն և իր շարժումները կառուցում էր առանց օրենքների և կանոնների՝ հիմնված միմյայն զգացմունքների արտահայտման վրա:
Մոդեռն պարաոճն իրենից ներկայացնում է մարմնի ազատ պլաստիկա, չունի հստակ օրենքներ: Այն մերժում է իրենից առաջ գոյություն ունեցող դասական պարարվեստը:

Այսեդորան դեմ էր դասական պարի խիստ կանոններին և համարում էր, որ այդ պարերը սառն են և ռոբոտային: Այս առիթով նա ասում էր՝ մեջբերում եմ.
Գեղեցիկ կնոջ ձևամոլ, նազելի, բայց բծախնդիր ժեստերից առավել, ես նախընտրում եմ չնայած կուզիկ, բայց հոգով լցված պարեր։

Այսպիսով ի հակադրություն դասական պարի, մոդեռն պարաոճն իրենից չի ներկայացնում որևէ ձևամոլություն:

Մոդեռն պարաոճում  ձգված թաթերն ու կիրթ մարմինն այնքան կարևոր չեն, որքան ներքին զգացմունքների փոխանցումը:
Այս պարաոճի ներկայացուցիչները ցայտուն ֆովիստներ են՝ նրանք պարում են ոչ թե այն ինչ հաճելի է աչքին, այլ այն ինչ զգում են:

Այսեդորան կարծում էր, որ ցանկացած պարային շարժում բոլորովին անիմաստ է, եթե չի արտահայտում պարողի մտքերն ու էմոցիաները:
Նա ասում էր, որ չկա  որևէ շարժում կամ ժեստ, որն ինքն իրենից գեղեցիկ լինի, այն գեղեցիկ է դառնում միայն այն ժամանակ, երբ արտահայտում է պարողի անկեղծ մտքերն ու զգացմունքները:

Մոդեռն պարաոճի հիմնադիրները կարծում էին, որ «գեղեցկության գիծ » դարձվածքը աբսուրդ է։ Գիծը միայն այն ժամանակ է գեղեցիկ, երբ ուղղված է դեպի գեղեցկագույն նպատակը:
Յուրաքանչյուր շարժում կլինի գեղեցիկ միայն այն ժամանակ, երբ այն ճշմարտացիորեն արտացոլում է անկեղծ զգացմունքներն ու մտքերը
Մոդեռն պարաոճի հիմնադիրները շեշտում էին, որ պարը պետք է դառնա մարդկային շարժման միակ շարունակությունը, պետք է ցույց տա զգացմունքները և կատարողի խառնվածքը, հոգու լեզուն պիտի դառնա պարի ստեղծման իմպուլսը։

Վերջաբան

Այսպիսով պարզ է դառնում ֆովիզմի կարևորությունը պարարվեստում: Իհարկե դասական և հստակ օրենքներով պարաոճերը հաճելի են աչքին, բայց արագ ձանձրացնում են, եթե չեն արտահայտում պարողի զգացմունքներն ու մտքերը:
Ես նույնպես նախընտրում եմ ոչ հստակ տեխնիկայով, աբստրակտ միտումներով, բայց էմոցիոնալ պարերը:
Ֆովիզմի միտումներ կան նաև հիփ-հոփ և բրեյք դանս(բառացիորեն կոտրատվող պար) պարաոճերում: Ճիշտ է այստեղ գոյություն ունի հստակ տեխնիկա, բայց այս պարաոճերը  համեմատաբար ավելի երիտասարդ են և այստեղ հիմքը նույնպես մարմնի պլաստիկան է:

Կարծում եմ ֆովիստական միտումներով պարերն ավելի են հետաքրքրում նոր սերնդին, եթե անգամ  լինեն ոչ այնքան ընդունված կամ համարվեն անկիրթ և ոչ էսթետիկ: Ամեն դեպքում չարժե դարեր շարունակ պաշտել  նույն դասական արվեստը՝ անտեսելով նորը: Դասական բալետներն արդի էին մի քանի հսրյուրամյակ առաջ, իսկ հիմա հասարակությունը նոր և ազատություն ներշնչող արվեստի կարիք ունի, եթե անգամ վիրտուոզները պիտակավորեն այն «վայրի» պիտակավորմամբ:


Էլինա Հակոբյան

No comments:

Post a Comment