Sunday, March 1, 2015

«Ողբ» աշխատության արդիականությունը

Մովսես Խորենացին իր «Ողբ» աշխատությունում, որն իրենից ներկայացնում է «Հայոց պատմություն» քերթության ավարտաբանությունը, հիշատակում է մարդու մեղսագործ էության մասին, որը ցավոք մեր օրերում նույնպես մնացել է անփոփոխ։

Խորենացին գրում է«Ուսուցիչները՝ տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ աստծուց կոչված, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով. ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ աստված է բնակվում, և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը։»


Այս բնութագիրը կարող եմ համեմատել մեր օրերի հոգևորականներից շատերի հետ։ Նրանք բոլորովին էլ չեն ցանկանում Աստծուն ծառայել։ Նրանց համար եկեղեցում ծառայելը զուտ աշխատանք է։ Նույնիսկ չեմ ցանկանում մտածել, թե մեր հայ հոգևորականների քանի՞տոկոսը քրիստոնյա կոչվելու իրավունք ունի։ Նրանք ուղղակի կարդում են Աստվածաշունչը և այնտեղ գրվածի էությունը չհասկանալով՝ մտապահում։ Նրանց և գրեթե բոլոր հայերի համար քրիստոնեությունը կրոն է և միայն այդքանը։ Նրանց աչքերը և ականջները փակ են։ Լսում են և չեն ընկալում, տեսնում են և չեն հասկանում։ Ցավոք այս է այն իրականությունը, որի համար ողբում էր Խորենացին, իսկ այժմ պետք է ողբա ողջ հայ ժողովուրդը։

Խորենացին նաև բնութագրում է կրոնավորներին«  Կրոնավորները՝ կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվասեր, քան աստվածասեր

Այստեղ նույնպես տեսնում ենք, որ գրեթե ոչինչ չի փոխվել։ Ներկայումս Հայաստանում ապրող հայերի մեծ մասը իրենց կրոնվորներ և քրիստոնյաներ են համարում։ Ես կարող եմ ասել, որ հայաստանում ապրող բոլոր կրոնավորները՝ առանց բացառությունների  համապատասխանում են վերոնշյալ հատկանիշներին։ Նրանք ցուցամոլ են և կեղծավոր։ Միթե՞  չեք տեսել մարդու, որի վզից  2կգ կշռող խաչ է կախված, բայց երբ հարցնում ենք թե ինչու՞ է կրում այն ոչ մի բանական պատասխան չենք ստանում։ Ճիշտ է, ես բազմիցս նշել եմ, որ  քրիստոնյա եմ, սակայն ինձ չեմ համարում կրոնավոր մի շատ պարզ պատճառով ՝ քրիստոնեությունը կրոն չէ, այն ապրելակերպ է՝ կյանք, այն ապրեցնում է։ Սակայն, դժբախտաբար, շատերը դա չեն հասկանում, և շատերի համար քրիստոնեությունը զուտ կրոն է և անհայտ ծագման ծեսերի շարան։ Իրենց քրիստոնյաներ կոչողներից շատերը նույնիսկ չեն կարող ասել, թե ինչու՞ է այդ կրոնն այդպես կոչվում։

Խորենցին  անրադարձել է նաև աշակերտներին, որոնք զարմանալիորեն համընկնում են մեր օրերի սովորողների (չսովորողների) հետ«Աշակերտները՝ սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած՝ աստվածաբան են։»

Այստեղ միայն մի բան է փոխվել՝ հիմա արդեն սովորեցնելու մեջ էլ փութաջան չեն։
Իհարկե սա ոչ բոլորին է վերաբերում։ Բարեբախտաբար դեռ մնացել է մի փոքրագույն աշակերտների մաս, որոնք պատրաստվում են ինչ որ բան փոխել աշխարհում և իրենց հայրենիքում։

Մովսես խորենացին գրում է. «Զինվորականները՝ անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, հելուզակ, ավազակների բնութենակից։»

Չգիտեմ, թե այն ժամանակ ինչպիսին են եղել զինվորականները, բայց գիտեմ, որ ներկայիս հայ զինվորականները բոլորովին նման չեն Մովսես Խորենացու նկարագրած զինվորականներին՝ համենայն դեպս ինձ համար։ Երբեք թույլ չեմ տա, որ ինչ որ մեկը վատ արտահայտվի հայ զինվորի հասցեին։ Նրանք օր ու գիշեր մեզ են պաշտպանում, չեն քնում, որ մենք հանգիստ քուն ունենանք, նույիսկ իրենց կյանքն են տալիս իրենց հայրենակիցների համար։ 

Մովսես Խորենացին նաև անդրադարձել է իշխաններին և դատավորներին«Իշխանները՝ ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, աշխարհ ավերող, աղտեղասեր, ծառաներին համամիտ։
      
Դատավորները՝ տմարդի, սուտ, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, անհաստատ, հակառակող։
      
Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած։»

Այստեղ նույնպես ոչինչ չի փոխվել։ Մենք ամեն օր ականատես ենք լինում վերոնշյալ երևույթներին։ Մեր իշխանավորներն ու դատավորները կաշառակեր, ժլատ խաբեբաներ են։ Իշխանավորները ժողովրդի բարօրության մասին մտածելու փոխարեն, մտածում են թե ինչպե՞ս կարելի է գրպանները լցնել, իսկ դատավորները բառիս բուն իմաստով թքած ունեն արդարության վրա, կարևորը գրպանների պարունակությունը չպակասի։


Մովսես Խորենացին գրում է«Որովհետև (մեզ) տիրեցին խստասիրտ ու չար թագավորներ, որոնք ծանր, դժվարակիր բեռներ են բարձում, անտանելի հրամաններ են տալիս։ Կառավարիչները կարգ չեն պահպանում, անողորմ են, սիրելիները դավաճանված են, թշնամիները զորացած. հավատը ծախվում է այստեղի ունայն կյանքի համար։ Ասպատակություններ են գալիս անհատնում, շատ տեղերի վրա, տները գերվում են, ստացվածքները հափշտակվում, գլխավոր մարդիկ կապվում են, հայտնի անձեր բանտարկվում են, դեպի օտարություն են աքսորվում ազնվականները, անթիվ նեղություններ են կրում ռամիկները, առնվում են քաղաքներ, քանդվում են ամրոցներ, ավերվում են ավաններ, հրդեհվում են շինություններ, ան֊վերջ սովեր և հիվանդություններ և բազմատեսակ համաճարակներ։ Աստվածապաշտությունը մոռացված է, դժոխքի ակնկալություն։»

Սա կարծես մեր օրերի դաժան նկարագրությունը լինի՝ դառը ճշմարտությունների մի ողջ շարան։ Կարծում եմ, որ ոչ ոքի համար էլ  չի կարող սա միևնունը  լինել։ Մեզնից յուրաքանչյուրն էլ ցավում է այս ամենի համար, և ի՞նչ է դա եթե ոչ հայրենասիրության դրսևորում։

Մովսես Խորենացին եզրափակում է իր խոսքը«Որից փրկե Քրիստոս Աստված  մեզ և բալորին, որոնք ճշմարտությամբ երկրպագում են նրան։ Նրան փառք բոլոր ստեղծվածներից, ամեն» ։

Վստահությումբ ասում եմ, որ Աստված իրեն հուսացողներին կփրկի։ Մեր երկրում տիրող դառը ճշմարտությունը տեսնելով հանդերձ, տեսնում եմ, թե ինչպես է Աստված թեթևացնում այն մարդկանց հոգսերը, որոնք ճշմարտապես երկրպագում են իրեն։ Դա անհերքելի փաստ է։ Բոլոր նրան աղոթողների, հավատացողների և սիրողների աչքերը փայլում են երջանկությունից։ Նրանց համար կյանքը հիասքանչ է, այլ ոչ տառապանք։ Տերը բարձրացնում է բոլոր իրեն հավատացողներին։

Էլինա Հակոբյան

No comments:

Post a Comment