Sunday, January 24, 2016

Ալբեր Կամյու «Սիզիփոսի առասպելը» վերլուծություն

Գիրքն ամփոփում է Սիզիփոսի մասին առասպելը: Սա աբսուրդային հերոսի ամենավառ տիպն է: Հայտնի է, որ չկա ավելի ծանր պատիժ, քան անիմաստ աշխատանքը: Սակայն առասպելի հերոսը՝ Սիզիփոսը, որին վիճակված է այդ պատիժը, քամահրում է իր ճակատագիրը: Նա բարձրացնում է ծանր քարը նորից ու նորից՝ այդկերպ ըմբստանալով իր խաչի դեմ:  


Ըստ հեղինակի Սիզիփոսին պետք է պատկերացնել երջանիկ: Ըստ նրա երջանկությունն ու աբսուրդը նույն հողի զավակներ են և հաճախ հենց երջանկությունն է առաջացնում աբսուրդի զգացողությունը: Գագաթները նվաճելու պայքարն ինքնըստիքյան հերիք է մարդու էությունը լցնելու համար:  

Իհարկե շատ համոզիչ էր գրված, բայց գրեթե բոլոր ստերն էլ համոզիչ են:  Երջանկությունը միայն Աստծո սիրուց կարող է ծնվել, իսկ մարդու էությունը չի կարող լցնել ոչ պայքարը, ոչ էլ փառասիրությունը, բայց միայն Աստված:
Հեղինակը կարծում է, թե Սիզիփոսը երջանիկ է, որովհետև իր ճակատագիրն իրեն է պատկանում։ Իր գործը իր ժայռն է։ Իսկ աբսուրդ մարդը, երբ հրճվում է իր տառապանքով, բոլոր կուռքերը անզորությունից լռում են։ 

Եթե Սիզիփոսին համեմատենք մարդկանց հետ, ապա կտեսնենք, որ շատ մարդիկ նույնպես կարող են հրճվել իրենց տառապանքից, բայց արդյո՞ք դա երջանկություն է: Դա կարող է միայն հրճվանք լինել՝ հորմոնների ակնթարթային հոսք արյան մեջ, որը երջանկության պատրանք է ստեղծում, բայց ամենաշատը մի քանի օրով, իսկ խոսքն այստեղ մի հավերժության մասին է: Եվ ինչպե՞ս կարող է բանական էակը երջանիկ լինել, եթե տառապում է: Դա շատ գեղեցիկ ձևակերպված սուտ է, որին հավատալով շատ մարդիկ կործանում են իրենց կյանքերը:  

Եվ վերջապես, եթե Սիզիփոսը երջանկություն էր զգում, ապա ի՞նչ է զգում այն երեխան, որը բարձր ծիծաղելով խաղում է մարգագետնում, ունի երջանիկ ընտանիք, ամեն օր փառաբանում ու շնորհակալություն է հայտնում Աստծուն: Արդյ՞ք կարող ենք ասել, որ Սիզիփոսը և այդ երեխան նույն երջանկությունն են զգում: Երջանկությունը տարբեր տեսակների չի լինում, չի լինում ավելի երջանիկ կամ պակաս երջանիկ: Երջանկությունը միշտ նույնն է, երբեք տարբեր չի լինում, երբեք չի փոխվում: Դա այն քնքուշ, մանկական, լուսավոր, աստվածային պարգևն է, որը կարող է զգալ ցանկացած մարդ, եթե միայն ցանկանա: 
Երևի պարզ է, որ ոչ մի կերպ չեմ կարողացել հասկանալ հեղինակին:

Էլինա Հակոբյան

No comments:

Post a Comment