Tuesday, May 3, 2016

Դանիել Վարուժան «Գարնան անձրև» պատկերներ


Բանաստեղծությունը լի է կապույտ և նարնջագույն գույներով, արևի շողերով և տաքությամբ:  Ամեն բան թրջված է և թաց, բայց ջերմ է` սառնություն չկա: 
Երկնքից ադամանդներ են թափվում, որոնք արևի շողերից ստանում են ծիածանի գույները և թափվում  հողին: Մինչ հողին հասնելն արևի շողերը պարում են ադամանդյա կաթիլների մոլեկուլներում:


 Այդ ադամանդները հենց  աստղերն են, որոնք հալվել են արևից և թափվում են մոլորակի վրա:
Ադամանդները հագեցնում են ծաղիկների և ծառերի ծարավը:  Ամեն բան թրջվում է, և գույներն ավելի են պայծառանում: Անդաստաններն ու այգին լուսավորված են սպիտակ լույսով: 

Խոնավ հողի բույրը պարուրում է ողջ անտառը: Այնքա~ն անուշ բույր է:
Արտերում ցորենի ոսկեգույն հասկերն են լողում: Դրանք ծածանվում են քամուց և նմանվում հայ պարուհիների: 

Հասկերի պարը միահյուսվում է քամու երաժշտությանը և ամբողջ բնությունն ականատես է լինում արվեստի այդ հիասքանչ ստեղծագործությանը:
Իսկ հետո անտառում մի եղնիկ լույս աշխարհ է բերում իր ձագուկին: Փաստորեն, անտառում տոն է: Գուցե այդ եղնիկի համար էին աստղերն այդպես երկիր թափվում: Գուցե նրա համար էին ցորյաններն ու քամին  պար բռնել:


Նորածին եղնիկն իրականում  հաջողակ էր: Նա ծնվելուն պես տեսավ ծիածանը: Յոթ գույն ունեցող այն պայծառ ծիածանը, որը միշտ հետևում է գարնան արևոտ անձրևներին:  Նա իր ծննդյան առաջին րոպեներից հնարավորություն ունեցավ ճաշակելու խորհրդավոր ծիածանի համը, որն իր մեջ Աստծո խոստումն է արտացոլում:

Էլինա Հակոբյան

1 comment:

  1. Ապրես։ Միայն որոշյալ հոդերին ուշադրություն դարձրու։ Բաղաձայնով սկսվող բառերից առաջ հարկվոր է ը հոդն օգտագործել։

    ReplyDelete