Monday, May 9, 2016

Երեք օր Ջավախքում

Մայիսի 6-ի առավոտյան ճանապարհ ընկանք դեպի Ջավախք: Օրն արևոտ էր, բայց երբ սահմանն անցանք, երկինքը սկսեց արտասվել: Անձրևը չէր խանգարում մեր տրամադրությանը. արևը մեր սրտերում էր:

Սկզբում գնացինք Գանձա՝ Տերյանի տուն-թանգարան: Գարուն էր, բայց տրամադրությունն աշնանային էր, և մենք սկսեցինք հասկանալ, թե ինչու է Տերյանի բանաստեղծություններում գերակշռում աշնանային տրամադրությունը:


Երեկոյան վերջապես հասանք Խաչատուր պապի օջախ, որտեղ էլ պետք  է գիշերեինք այս երեք օրերի ընթացքում: Մենք ջերմ ընդունելության արժանացանք 90-ամյա Խաչատուր պապի և նրա կնոջ` Մանուշակ տատիկի կողմից: Ամբողջ ընթացքում նրանք մեզ վերաբերվում էին իրենց թոռնիկների նման:

Հաջորդ օրվա մեծ մասն անցկացրինք Ռաբաթ ամրոցում: Գիշերն արդեն հեռվից տեսել էինք այդ ամրոցը, և մեզ թվացել էր, թե Քանաքարայի Ոսկե քաղաքն ենք տեսնում: Մթության մեջ ամրոցի լույսերը փայլող ոսկու տպավորություն էին թողնում, և մենք անհամբեր սպասում էինք, թե երբ ենք մոտիկից տեսնելու այդ հրաշքը:  Իրոք որ հրաշք էր:  Դժվարանում եմ բառերով նկարագրել գեղեցկությունը, դա տեսնել է պետք:
Ռաբաթից դուրս գալուց հետո այցելեցինք մի քանի եկեղեցիներ` Սբ. Գրիգոր Լուսավորիչը, որը շատ խնամքով ու հավատքով պահպանում էր Հակոբ պապիկը, Սբ. Ստեփանոսը, Սբ. Նշանը:


Ճանապարհին շատ հաճելի էր պատուհանից դուրս նայելը: Նայում էի երկնքին ու բնությանը և հիանում  Աստծո արարչագործությամբ: Ոնց որ հեքիաթ լիներ: Հողին զմրուխտից գործված գորգ էր փռված, որի վրա թափված անձրևի կաթիլները փայլփլում էին արևի ճառագայթներից: Ամպերը կախվել էին ժայռերի գլխին, և թվում էր, թե շուտով կընկնեն ու իրենց մեջ կվերցնեն ողջ Ջավախքը: Գետի ալիքներում նշմարվում էին երկնային օվկիանոսի փրփուրները: Երբ ավելի փոքր էի, հավատացած էի, որ երկինքն օվկիանոս է, և ես կարող եմ լողալ այնտեղ: Հիմա գիտեի, որ երկնքում ծովեր չկան, բայց մեկ է, ցանկանում էի լողալ ամպերում:

Հաջորդ օրը Վարձիայի ճանապարհին էինք, երբ հասցրեցի ընկերանալ մի կարմիր կակաչիկի հետ: Պատուհանից դուրս էի նայում և հանկարծ նկատեցի, որ այդ չարաճճի աղջնակ հիշեցնող փոքրիկ կակաչն ինձ աչիկով է անում: Կուզեի, որ այդ ծաղիկը երբեք չթոշներ: Մեր ընկերությունն ընդամենը մի քանի վայրկյան տևեց, բայց ես դեռ երկար կհիշեմ այդ առանձնահատուկ կակաչը, որը  բոլորովին էլ արյուն չէր հիշեցնում:

Վարձիայի քարանձավներում խորհրդավորություն կար: Ինձ համար տարօրինակ էր մտծել, որ այնտեղ երբևէ մարդիկ են ապրել: Այնքան շատ անցուղիներ և թունելներ կային, որ ինձ թվում էր, թե լաբիրինթոսում եմ հայտնվել: Քարանձավներում փոսեր էին փորված, որոնց նշանակությունն այդպես էլ պարզել չկարողացանք:

Կարողացանք տեսնել նաև Թմկաբերդը և այնտեղ միասին արտասանեցինք Թումանյանի <<Թմկաբերդի առումը>>:  Ինձ Ջավախքի դուստր զգացի:

Մայրամուտին հասցրեցինք նաև տեսնել Փարվանա լիճը: Ապշեցուցիչ գեղեցկություն էր, ու որքան էլ փորձենք բացահայտել այդ գեղեցկության գաղտնիքը, մեկ է չենք կարողանա: Բնության գեղեցկությունը դուրս է մարդկային երևակայության և մտածողության սահմաններից:

Շնորհակալություն ճամփորդության կազմակերպիչներին այս երեք հեքիաթ հիշեցնող օրերի համար:

Էլինա Հակոբյան


No comments:

Post a Comment